BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                

Օծվեց և սրբագործվեց Տյումենի նորակառույց եկեղեցին

Օծվեց և սրբագործվեց Տյումենի  նորակառույց  եկեղեցին
21.06.2023 | 21:30

Հունիսի 18-ը Տյումենի հայերն այսուհետ կհիշեն որպես պատմական օր, քանի որ թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ օծվեց և սրբագործվեց միասնական ջանքերով կառուցված հայկական եկեղեցին, որին տյումենահայությունը սպասել էր ավելի քան երեք տարի:

Տարածաշրջանի միակ հայկական եկեղեցու կառուցումը միավորել և բարեկամացրել էր տեղի հայությանը, ամենքը, թեկուզ փոքրիկ լումայով, նպաստել էին Աստծո տան կառուցմանը և արդեն անթաքույց մասնակցում էին նորակերտ եկեղեցու նավակատիքին։

Դռնբացեքի արարողությունից հետո հոգևոր դասը աղոթակից հավատացյալների հետ ներս մտավ, որտեղ ջրով և գինով լվացրին, ապա Եզրաս սրբազանը մյուռոնով օծեց 16 սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները և գմբեթի խաչերը: Թեմակալ առաջնորդն օծեց նաև եկեղեցու տարածքում տեղադրված արցախյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը, որը համայնքի նախագահ Աբրահամ Հովեյանի նախաձեռնությամբ բերվել էր Հայաստանից:

Արարողությանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանից ժամանած պետական այրեր, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, հարակից քաղաքների հայ համայնքների և օտարազգի ներկայացուցիչներ։ Տյումենի նորաօծ եկեղեցին համալրում է թեմի ութ տասնյակից ավելի նորակառույց եկեղեցիների շարքը: Այն կառուցվել է տյումենաբնակ ճարտարապետ Սուրեն Սաֆարյանի նախագծով և կարող է ընդունել ավելի քան 300 մարդ:

Նորաօծ աղոթատունն անվանակոչվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով: Թեմակալ առաջնորդն իր քարոզում նշեց, որ յուրաքանչյուր հայորդի հետնորդն է Մեսրոպ Մաշտոցի, ուստի հավատարմությամբ և խոնարհ ծառայությամբ պետք է հավերժացնել ոչ միայն Եռամեծար սրբի անունն ու գործը, այլև կյանքի կոչել նրա փոխանցած ոսկե պատգամը՝ խոսել և աղոթել մայրենի լեզվով: Սրբազան հայրը հույս հայտնեց, որ Տյումենի հոյակերտ եկեղեցին նոր շունչ ու հոգևոր վերելք է հաղորդելու համայնքային կյանքին, դառնալու է ամուր բերդ

հոգևոր-ազգային դարավոր արժեքների, հայոց ազգային ինքնությունը ձևավորած ժառանգության պահպանման:

Թեմակալ առաջնորդն օրհնության և գնահատանքի խոսք հղեց բարերարներին և շինարարներին, ովքեր ջանադիր աշխատանքով կառուցել էին Տիրոջ տունը: 17 բարերար արժանացավ օրհնության գրերի: Աբրահամ Հովեյանը, որը նախաձեռնել, իր ամենօյա աշխատանքով հետևել ու հովանավորել էր եկեղեցու շինարարական աշխատանքները, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով արժանացավ Հայ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանի:

Նորակառուց եկեղեցու օծման կարգին հաջորդեց «Հայ-ռուս բարեկամության այգու» և մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Պատվավոր հյուրերը մասնակցեցին ծառատունկին: Այգին զբաղեցնում է շուրջ 2 հա տարածք: Համալիրի տարածքում եկեղեցուն կից գտնվում է հովվատունը, կիրակնօրյա դպրոցը, համայնքի վարչական շենքը, ինչպես նաև հանդիսությունների սրահը: Այգին ձևավորված է այնպես, որ յուրաքանչյուր զբոսնող կամա թե ակամա ծանոթանում է հայ ժողովրդի պատմությանը՝ քրիստոնեության ընդունումից մինչև Հայրենական Մեծ պատերազմում հայ եկեղեցու և հայ ժողովրդի ունեցած ներդրմանը:

Այգու բացմանը Տյումենի նահանգապետ Ալեքսանդր Մոորը նշեց, որ այն հաճելի վայր է դառնալու տյումենցիների համար: «Մարդիկ կզբոսնեն այստեղ, կճանաչեն հայ ժողովրդին, կձևավորվի հարգանք այլազգի մարդկանց մշակույթի և կրոնի հանդեպ, կըմբռնեն, որ անհատների, ժողովուրդների և երկրների միջև բարեկամության հիմքը խաղաղասիրությունն է»,- մասնավորապես ասաց նահանգապետը:

Աբրահամ Հովեյանը նշեց, հույս հայտնեց, որ այգին կդառնա գողտրիկ մի անկյուն քաղաքի բնակիչների համար, կնպաստի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի նորաբաց կիսանդրու առաջ հյուրերը ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին: Օրը շարունակվեց համերգային գեղեցիկ ծրագրով՝ Հայաստանից հրավիրված երգիչների ու երաժիշտների մասնակցությամբ:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան

Դիտվել է՝ 5378

Մեկնաբանություններ